AREN SHAHNAZARYAN

index.jpg
index.jpg

index2.jpg
index2.jpg

Aren-Shahnazaryan-001.jpg
Aren-Shahnazaryan-001.jpg

index.jpg
index.jpg

1/7
BIOGRAPHIE
Արեն Շահնազարյան.
 
Արեն Շահնազարյանը այն երիտասարդ արվեստագետներից է, ում խորապես հուզում է ոչ թե իրականության վերարտադրությունը, այլ այդ իրականության հետևանքով առաջ եկած հույզի հաղորդումը կտավին՝ զանազան չափազանցումների ու պարզեցումների միջոցով: Մտապատկերները, տպավորություններն ու կենսական փորձը նա դուրս է բերում իր միջով` ինչպես մի պրիզմայով, զտում դրանք բոլոր ավելորդություններից, որպեսզի բացահայտի դրանց բուն էությունը: Արդյունքում դրանք միավորվում, խտանում են ավելի ընդհանրացված կերպարների մեջ, որոնք հեղինակը արտաբերում է պարզ խորհրդանշանների ու սիմվոլների միջոցով: Նրա աշխատանքներն աչքի են ընկնում վառ արտահայտված կերպարայնությամբ, կենդանի ու էմոցիոնալ մաներայով, վառ, հագեցած գունապնակով:

Գիտակցության և ենթագիտակցության փոխակերպումներում նրան հուզողն արվեստի անակնկալն է, սեփական կարողությունները բացահայտելու խնդիրը, որ կարող են տալ գույնի ու գծի ամենատարբեր հնարքները: Շեշտելով գեղանկարչական խնդիրներ լուծելու իր ձգտումները` նա ամեն անգամ հրամցնում է անկարևոր ու անիմաստ, նշանակություն չունեցող կերպարներ, ժեստեր ու նույնիսկ տեքստեր, որ զուտ գույնի ու գծի խնդիրներ են լուծում` զբաղեցնելով կտավի ողջ մակերեսը: Այս ամենով հանդերձ նա միանգամայն մտածող նկարիչ է, ու նույնիսկ նրա «ամենա ոչինչ չնշանակող» գործերում տեսանելի է խորը դիտողականությամբ օժտված նկարիչը: Առաջին հայացքից ուղղակի գծված կամ պատահական թվացող վրձնահարվածներն ու ժեստերը իրականում մտածված ու պատճառաբանված են ոչ միայն գեղանկարչական խնդիրներ լուծելու տեսանկյունից: Սոցիալապես ներգրավված կամ դուրս մղված լինելու, մարդուն մի քիչ ավելի մարդկայնացնելու կամ անմարդկային կողմը ցույց տալու, հոգեբանության, սեռականության, լավի ու վատի, ճշմարիտի ու սխալի սահմանների անկայունության հարցերին նրա անդրադարձները շփոթեցնում են դիտողին: Դրանք կոնկրետացված չեն, հաճախ նույնիսկ չգիտակցված, հաճախ էլ գուցե իր կամքին հակառակ: Նա փորձում է հեռանալ օբյեկտիվ իրականությունից, նկարում, ապա հերքում, գրում, ապա ջնջում, գեղանկարչական մանիպուլյացիաների միջոցով՝ ֆիգուրատիվ և ոչ ֆիգուրատիվ խաղերի շնորհիվ ազատորեն փոխակերպում է պատկերները, ձգտում հայտնաբերել դրանց իմաստներն ու ներքին այլաբանական կապերը: Նրա կտավները «բնակեցնում են» գորշ, գարշելի, հաճախ էլ բարի, կամ մինչև ականջները ծիծաղացող, ինչ-որ բան ծաղրող, ինչ-որ բան հայտարարող կամ մերժող արարածներ, որոնք լիարժեք մարդիկ չեն, չունեն դիմագիծ ու անհատական գծեր: Այդպիսով ստեղծում է աբսուրդի հասնող կերպարների և սիմվոլների մի հզոր տարածություն, որտեղ նաև ազատում է կերպարներն ու դեպքերը վավերական պարտադրանքից: Էական չէ թե որտեղ է, էական չէ թե ովքեր են, կամ նույնիսկ ինչու: Արենի ստեղծագործություններին հատուկ է ժամանակակից կյանքի պրիմիտիվության, և հակասականության արտահայտումը: Այդ ամենի հանդեպ նրա վերաբերմունքը` հումորը, զարմանքը, տագնապն ու զզվանքը արտահայտվում են շեղված գծերով, արագ ու կոպիտ քսվածքներով: Բոլոր այս տեխնիկական հնարքներն օգնում են նկարչին ավելի մոտ լինել համաշխարհային պոստ-մոդեռնիստական արվեստի հարացույցին, դրա կոնցեպտներին ու մոտեցումներին: Օգտվելով էքսպրեսիոնիզմից, դադայից, սիմվոլիզմից և աբստրակցիոնիզմից փոխառնված, փոխակերպված, միանգամայն մշակված հնարքներից` ստեղծում է յուրատեսակ պոստ-մոդեռնիստական տարածք: Նրա ստեղծագործությունները չշտապող, գեղանկարչական զգացողություն ունեցող մարդու համար են, իսկ եթե դիտողը նաև բավականաչափ հումորի զգացում ունի, ապա Արենի ստեղծագործությունները հենց նրա համար են:

 

Հասմիկ Բարխուդարյան

Արվեստաբան

 

 

​​
 

COLLECTIF D'ARTISTES CONTEMPORAINS ARMENIENS